Երևանի հին թաղերը

1 Հին Երևանը բաժանված է եղել երեք հիմնական թաղի, որոնք այլազգիների իշխանության շրջանում անվանափոխվել էին` ստանալով թուրքական կամ պարսկական անուններ. Հին թաղ կամ Շահար, Կոնդ կամ Թափաբաշ և Քարահանք կամ Դամիր-Բուլաղ։
Հին թաղն ամենաընդարձակն էր և ընդգրկում էր քաղաքի հյուսիսարևելյան մասը։ Որպես քաղաքի կենտրոն` այստեղ կառուցվել են առաջին տները և հաստատվել առաջին բնակիչները, դա է պատճառը, որ պարսից իշխանության օրոք, կոչվել է Շահար. այսինքն` քաղաք, բուն քաղաք կամ քաղաքի կենտրոն։
Կոնդ (Թափաբաշ)։ Նշանակում է երկայնաձիգ կամ բոլորակ բլուր։ Տարածվում էր քաղաքի արևմտյան մասում, որի սահմանը Հրազդան գետն էր։ Հյուսիսային սահմանը Կոզեռն բլուրն էր` համանուն գերեզմանատնով։ Կոնդից ներքև ընկած էր Ձորագեղ` Դարաքենդ թաղը, որ գտնվում էր Հրազդան գետի ձախակողմյան նեղ հովտում` զառիթափ լանջին։ Վարչականորեն այն Կոնդի բաղկացուցիչ մասն էր, որը նույնպես ուներ մի քանի ենթաթաղեր՝ Վերին թաղ, Ծիրանի թաղ և այլն։ Կոնդի բնակիչները հիմնականում կաշեգործ-արհեստավորներ էին։ Քարահանք (Դամիր-Բուլաղ) թաղամասն իր անունը ստացել է մոտակա քարահանքից, որտեղից քարը տեղափոխում էին քաղաքի կենտրոն` Շահար։ Քարահանքն ընդգրկում էր Նորքի բլրի ստորոտը` Գետառի ձախափնյակը։ Քաղաքի հիմնական թաղերից բացի` կային ևս մի քանի ծայրամասային թաղեր (գյուղեր)։ Դրանցից էր Շիլաչի թաղը, որտեղ տեղակայված ներկատուն- արհեստանոցների վարպետները օգտագործում էին առավելապես կարմիր գույնի ներկեր, որի համար թաղը կրում էր Շիլաչի անունը։ Նույն տրամաբանությամբ` Հրազդանի ձորի ներկատներում օգտագործում էին առավելապես կապույտ գույնի ներկեր, որի պատճառով թաղը կոչվում էր Բոյախչի, իսկ ներկատները` Բոյախանա։ Հետագայում Երևան քաղաքին միացվել են շրջակա գյուղերը, որոնցից առաջինը Ձորագյուղն էր, որը գտնվում էր Հրազդանի ձախ ափին։ Այս ձորը նախկինում կոչվել է Խնկելոյ ձոր, իսկ պարսից իշխանության օրոք թարգմանաբար անվանվել է Դարա-քյանդ։ Այն բաղկացած էր ինքնուրույն թաղերից կամ կիսաթաղերից` Վերին կամ Քարափի, Ստորին կամ Ձորի և Կարբո թաղերից։ Նորքը (Չոլմաքչի թաղ) գտնվում էր քաղաքի հյուսիսարևելյան կողմում։ Նորք նշանակում է նորատունկ այգի, պարտեզ։ Կա նաև անվան մեկ այլ բացատրություն` կապված Նախիջևանի Նորս գյուղի հետ, որի բնակիչները գաղթելով այստեղ` հիմնել են այդ թաղն ու անվանել ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի։ Չոլմաքչի անունը բրուտագործ բառի օտարալեզու թարգմանությունն է և մատնանշում է բնակիչների հիմնական արհեստներից մեկը։ Պարսկական տիրապետության շրջանում քաղաքի կազմում այն ներառված չէր, թեև նրա այգիներն ու հանդերը ձուլվում էին քաղաքապատկան հողերին։ Նորք գյուղը քաղաքին միացել է 1837թ.։ Երևանի պատմության մեջ հիշատակվում են նաև այլ թաղերի (մայլա) անուններ, որոնք կազմել են այս երեք հիմնական ու խոշոր թաղերի ենթաթաղերը։ Օրինակ հայտնի էին` Ծիրանի թաղը, Ջուհարենց թաղը, Խանի թաղը, Հացի թաղը, 1 «Հին ու նոր Երևան», պատմական տեղեկագիր գիրք-ուղեցույց, Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2009։ Խոջենց թաղը, Նոր թաղը (Խանլըղ-բաղ)։ Յուրաքանչյուր թաղ իր անվան ստուգաբանության հետ կապված պատմություն ու հիշողություն ունի։
Ուղտերի ննջարան (Դավա- յաթաղ) Երևանը գտնվում էր առևտրական ճամփաների խաչմերուկում։ Այստեղով էին անցնում բազմատեսակ ապրանքներով բեռնված ուղտերի քարավանները, որոնց համար քաղաքում բազմաթիվ իջևանատներ էին կառուցվել։ Քարավանատերերը գիշերում էին քաղաքի ծայրամասերում, որտեղ ամռանը և՛ զով էր, և՛ մատչելի։ Բնականաբար, թաղի հայերեն և թուրքերեն անվանումները բխում էին տեղաբնակ հայերի և այլազգի ուղտապանների լեզվամտածողությունից։ Երևանի այդ հատվածը գտնվում էր ներկայիս Սարի թաղի և Նար-Դոսի փողոցի մերձակա բարձրադիր տարածքում։
Ղանթար Երևան քաղաքի ամենաաշխույժ թաղն էր, որ գտնվում էր ներկայիս Մանկական զբոսայգու տարածքում։ «Ղանթար» արաբերեն նշանակում է շուկայի մեծ կշեռք։ Այստեղ էին գտնվում Երևանի ամենամեծ կշեռքը` ղանթարը, և ամենափոքր կշեռքը՝ միրզան, որոնք պատկանում էին քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը հենց այդ կշեռքներով էր կատարվում, իսկ կշռելու մենաշնորհը կշեռքի տիրոջն էր պատկանում։ Հետագայում այստեղ շուկա կառուցվեց, որը նույնպես Ղանթար կամ Ղանթարի տակ անուններով էր հայտնի։ Այս թաղի մասին մեր օրերում սոսկ հիշողություն է պահպանվել։
Ցախի մեյդան Գտնվում էր Երևանի բերդի փողոցի լայն մասում, որտեղ կար շենքերով շրջապատված մի հրապարակ։ «Մեյդան» պարսկերեն նշանակում է հրապարակ։ Այդ հրապարակում էին կուտակում վառելափայտը (ցախը), որը կույտերով վաճառվում էր հենց տեղում։
Զառաբխանա Զառաբի Խանը Երևանում գործող հին քարավանատներից ամենահայտնին էր։ Այս իջևանատունը Ղանթարի մոտակայքում էր կառուցված և նախատեսված էր օտար երկրներից ժամանող վաճառականների ու քարավանների համար։ Զառաբի Խանի տարածքում բազմաթիվ խանութներ էին գործում` տարաբնույթ ապրանքներ առաջարկող շուրջ 38 կրպակ, ուր մշտապես աշխույժ առևտուր էին կատարում տարբեր ազգության ներկայացուցիչները։ Դալման Հին Երևանի հայտնի թաղամասերից մեկն էր։ Սովորույթի համաձայն` այդպես էին կոչում Դալմայի ջրանցքի մերձակա տարածքը։ Հրազդան գետի աջ ափին տարածված էին խաղողի ու պտղատու ծառերի այգիները, որ հայտնի էին Դալմայի այգիներ անունով։
Փահլա բազար Գտնվում էր նախկին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում, որը ոլորաձև ձգվում էր դեպի հյուսիս։ Տարածքում մի փոքրիկ հրապարակ կար, նկարիչ Տարագրոսի տան մոտերքում (հիմա չկա այդ տունը), ուր առավոտ կանուխ հավաքվում էին վարձու բանվորներն ու գործավարները, որոնց պարսկերեն փահլա` բանվոր էին անվանում։ Հրապարակը նրանց անունով էլ կոչվում էր Փահլա (ֆահլա) բազար։
Կրիվոյ Այս փողոցը սկիզբ էր առնում մերօրյա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքից` Գետառ գետի ձախ ափի հայկական տների սկզբնամասից։ Այն ձգվում էր հին տների լաբիրինթոսով և կեռմաններով, որի համար էլ կոչվում էր Կրիվոյ (ռուսերեն` ծուռումուռ)։ Փողոցը երկար էր, որին հարող տների բակերը կոչվում էին Կրիվոյ քուչա կամ մայլա։
Չարխ Կոչվում էր նաև Խորհուրդների փողոց անվանմամբ։ Այն սկիզբ էր առնում նախկին քաղաքային բաղնիքի մոտակա հատվածից։ Այդ փողոցի Աբովյանին կից տարածքում բազմաթիվ արհեստանոցներ ու դագաղագործների կրպակներ կային։ Դրանց կողքին գտնվող արհեստանոցում` չարիխի վրա, պատրաստում էին փայտե տարբեր առարկաներ, խաղալիքներ, հիմնակունում` երկաթե ծայր ունեցող հոլեր, որը երեխաները շատ էին սիրում։ Ժողովրդի շրջանում փողոցի այդ հատվածը փայտը մշակող գործիքի անունով էլ կոչվում էր Չարխի։
Բուլվար Բուլվարը երևանցիների համար քաղաքի կենտրոնական զբոսայգին էր։ Բուլվար ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ընդարձակ, երկայնաձիգ ծառուղի։ Բուլվարը եղել է երևանցիների հանգստի գոտին և զբաղեցրել ներկայիս Հանրապետության և Ստ. Շահումյանի հրապարակները միացնող տարածքը։ Այստեղ է գտնվել «Ֆանտազիա» կինոթատրոնը, իսկ հարավային մասում` ռուսական Սբ. Նիկոլայ եկեղեցին։ Բուլվարի աջ և ձախ կողմերը կառքերի կայանատեղիներ էին։
Այգեստան: Երևանցիներից շատերը դեռևս օգտագործում են «Այգեստան» անվանումը, որը քաղաքի հյուսիսարևելյան կողմում տարածված` Գետառի ձախ ափին մինչև Նորքի բլրաշարքի ստորոտներն ընկած թաղն է։ Այստեղ էին տարածվում Երևանի պտղատու և խաղողի ընդարձակ այգիները։ 1940-ական թվականներին թաղն ընդգրկվել է Երևանի կառուցապատման գոտում և կարճ ժամանակաշրջանում` իր նորակառույց շենքերով, դարձել քաղաքի կենտրոնական մասի բաղկացուցիչ մասը։
Կիլիկիա: Թաղամասը գտնվում է Հաղթանակ կամրջից այն կողմ, ուր ձգվում է Ծովակալ Իսակովի պողոտան։ Անվանակոչումը կապվում է պատմական Կիլիկիայի հետ։ Թաղամասի առաջին բնակիչներն են եղել կիլիկիահայերը։ Թաղամասը կարճ ճանապարհով կենտրոնը կապում է Արարատյան և Աջափնյակի բնակելի զանգվածներին։ Այստեղ են գտնվում «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, Երևանի կոնյակի գործարանը, Երևանի կենտրոնական ավտոկայանը, պատմական Դալմայի և Սարդարի բաղի որոշ տարածքներ։
Նորագյուղ Կարմիր բերդ, Նորագեղ, ինչպես նաև Գըզըլ Գալի, Թազաքենդ, Կըզըլ Կալա, Ղըզըլ Զալա, անվանումներով հայտնի Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նորագյուղն անցյալում գտնվում էր Երևանի խանության Կրխբուլաղի մահալում` Հրազդան գետի աջ ափին։ Հայտնի է բերդով-ամրոցով (վաղ երկաթի դարաշրջան) և խոշոր դամբարանադաշտով (միջին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջան)։ 1806թ. այստեղ առաջինը պեղումներ է կատարել Պ. Չարկովսկին, 1903թ.` Մ. Զախարյանը, 1909թ.` Է. Ռեսլերը։ Խորհրդային շրջանում Նորագյուղում պեղումներ են կատարել Բ. Պիոտրովսկին, Ս. Եսայանը և ուրիշներ։ Հայտնաբերված հնագիտական նյութերը` խեցեղեն, մետաղյա զենքեր, պերճանքի առարկաներ, վերաբերում են մ.թ.ա 2-1 հազարամյակներին։
N 1 ռադիոկայանին / радиомашт/ կից ավան Այս ավանը գտնվում է Երևան-Սևան մայրուղու աջ կողմում` մեղմաթեք հարթության վրա, թաղված մրգատու և դեկորատիվ ծառերի մեջ։ Այստեղ տները քարակերտ են, քաղաքատիպ ու հարմարավետ։ Այն 1966թ. ունեցել է 383 բնակիչ, որոնք այստեղ են եկել Սևանի և Հրազդանի ենթաշրջանների գյուղերից։ Ժամանակին այն եղել է Աբովյանի շրջանի վարչատարածքային բաժանման կազմում, որն այժմ պատկանում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին։
Անաստասավան Հայտնի է Երկրորդ գյուղ անվանմամբ, որ գտնվում է Երևանի Շահումյանի գյուղական շրջանում` քաղաքի հյուսիսային հատվածում։ Անաստասավան է անվանվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940թ. հուլիսի 24-ի հրամանագրով` ի պատիվ կուսակցական և պետական գործիչ Անաստաս Միկոյանի։ Այժմ ներառվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի կազմում։
Սպանդարյան: Հայտնի է նաև Երրորդ գյուղ անվամբ, որը գտնվել է Երևանի հյուսիսարևմտյան մասում։ 1931թ. գյուղն ուներ 145, 1945թ.` 895 բնակիչ։ 1947թ. ապրիլի 10-ին վերանվանվել է Սպանդարյան` ի պատիվ հայ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի։ Այսօր ընդգրկված է Աջափնյակ վարչական շրջանի մեջ։
Հաղթանակ: Նախկինում թաղը կրել է Չորրորդ գյուղ անվանումը։ Վերանվանվել է 1947թ.` ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակի։ Մինչև 1965թ. տարածքն ընդգրկված էր Էրեբունի շրջանի կազմում։ 1970թ. Հաղթանակ գյուղն ուներ 3474 բնակիչ։ Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, տարեցների և երեխաների տուն-ինտերնատներ, բժշկական կայան։ Հաղթանակ գյուղն այժմ Երևանի տարածքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կազմում։
Շահումյան: Կազմավորվել է Նոր Մալաթիա և Նոր Սեբաստիա ավանների միացումից և քաղաքատիպ ավան համարվել 1953թ.։ Այն քաղաքատիպ ավան էր` համանուն գյուղական շրջանի կենտրոնով։ 1959թ. ձուլվել է Երևան քաղաքին, որն այժմ մտնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կազմի մեջ։
Առաջին մաս, Երրորդ մաս: 1930-ական թթ. Երևանում սկսվում է քիմիական գործարանի շինարարությունը, որի համար նախատեսված տարածքը բաժանվում էր չորս տեղամասերի։ Շինարարական աշխատանքները նախ ընթացել են «Առաջին» մասում, որտեղ կառուցվել է Կաուչուկի գործարանը, և ապա` «Երրորդ» մասում` բնակելի շենքերի կառուցմամբ։ Այստեղից էլ ծագեցին «Առաջին մաս» և «Երրորդ մաս» թաղերի անվանումները, որոնք այսօր Շենգավիթ վարչական շրջանի կազմում են։
Չարբախ: Երևանի նահանգի գյուղերից էր Չարբախը, որը 1938թ. ձուլվել է Երևան քաղաքին` ներառվելով Շահումյանի շրջանի կազմում։ 1939թ. Չարբախ գյուղն ունեցել է 1758 բնակիչ։ Չարբախ անունը տրվել է ի պատիվ Պարսկահայքի Նոր Ջուղա բնակավայրի համանուն թաղից հայրենադարձված բնակիչների, որոնց ջանքերով Երևանում հիմնադրվեց այս թաղամասը։ Համաձայն ժողովրդական մեկ այլ ավանդության` ժամանակին այդտեղ ապրել են աղքատ արհեստավորներ, որոնք աշխատանքից հետո տուն վերադառնալիս տրտնջալով ասել են. «Չար է, չար մեր բախտը», որից էլ առաջացել է թաղի անվանումը։
Ներքին Չարբախ: Երևանից մոտ 5 կմ հարավ, Հրազդան գետի ստորին հոսանքի շրջանում գտնվող գյուղերից էր Ներքին Չարբախը։ 1931թ. միացել է Վերին Չարբախ գյուղին և կազմել Չարբախ գյուղը, որը հետագայում մտել է Երևանի Շենգավիթ, իսկ այսօր` Շենգավիթ վարչական շրջան։
Նոր Արեշ: Մինչև 1960-ական թթ. Երևանի մերձակա բնակավայրերից մեկն էր, որը գյուղի կարգավիճակ ուներ։ Այն իր անունն ստացել է Պատմական Հայաստանի Արեշ գավառից, որն այսօր Ադրբեջանի տարածքում է։ Նուխիից տեղափոխված բազմաթիվ հայ ընտանիքներ, բնակություն հաստատելով այստեղ, ի հիշատակ կորուսված հայրենիքի` գյուղին տվել են Նոր Արեշ անունը։ 1946թ. Նոր Արեշի բնակչության թիվն աճել է` շնորհիվ Սիրիայից, Հունաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ երկրներից ներգաղթած հայերի։ Նոր Արեշ թաղամասում է գտնվում Էրեբունի ամրոցը։ Տարածքի մի հատվածը (Ազատամարտիկների փողոցից մինչև Էրեբունի ամրոց) վերանվանվել է Արգիշտի թաղամաս։
Բութանիա: Թաղամասն ընկած է Երևանի Երկաթուղային կայարանի դիմաց, որի սահմանները հասնում են մինչև Վարդավառի լիճ` Նոր Արեշ։ Բնակիչների մեծ մասը Պատմական Հայաստանի Բութանիա նահանգից գաղթածներ էին, որ մազապուրծ փրկվել էին Եղեռնից, և դեգերումից հետո հայրենադարձվել։ Երևանում նոր թաղամաս հիմնելով` ի հիշատակ կորուսյալ երկրի անվանել են Բութանիա։
Շորաղբյուր (Շորբուլաղ): Գյուղը մատենագիտության մեջ նշվում է նաև Շորաղբյուր, Շորբուլաղ անուններով։ Գտնվում է Երևանի հարավարևելյան մասում։ 1926թ. ունեցել է 226, 1939թ.` 381, 1959թ.` 536 հայ բնակիչ։ 1965 թվականից սկսած մտել է Երևան քաղաքի շրջագծի մեջ և պատկանել էրեբունու վարչատարածքին։ Տարածքն այժմ վերանվանվել է Մուշավան։
Ջրաշեն: Հայտնի է նաև Տոլկ, Տոլք, Վերին Ջրաշեն, Փալանթյոքան անուններով։ 1926թ. ունեցել է 391, 1939թ.` 568, 1970թ.` 864, 1989թ.` 1456 բնակիչ։ Հետագայում ներառվել է Երևան քաղաքի շրջանագծի մեջ։ Այժմ ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի կազմում։
Ջրվեժ: Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որը հիշատակվում է դեռևս 5-րդ դ. աղբյուրներում։ Այն տարածված է Երևան-Գառնի ավտոճանապարհի երկու կողմում` այգիներով ու բանջարանոցներով պատված հարուստ սարահարթում։ 1831թ. ունեցել է 108, 1897թ.` 492, 1936թ.` 749, 1939թ.` 839, 1970թ.` 2877, 1979թ.` 4228, 1989թ.` 5696 հայ բնակիչ, որոնց նախնիները 1828-29թթ. գաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *